Սովորաբար ծանոթացնում է մի երրորդ անձնավորություն, որը երկու կողմին էլ ճանաչում է։ Ծանոթացնողը մարդկանց միմյանց ներկայացնում է հետևյալ արտահայտությամբ. §Թ՜ույլ տվեք ներկայացնել պարոն ... -ին կամ տիկին ...–ին¦։ Երբեմն ներկայացվողը ինքն է ասում իր անունը։ Որպես կանոն՝ տղամարդուն ներկայացնում են կնոջը, կրտսերին՝ ավագին, ենթակային՝ ղեկավարին։ Ծանոթացնողը, դիմելով կնոջը, ասում Է տղամարդու անունը, այնուհետև դիմելով տղամարդուն՝ կնոջ անունը։ Սկզբում ասում են կրտսերի անունը, այնուհետև՝ ավագինը, սկզբում ենթակայի անունը, այնուհետև՝ ղեկավարինը։ Երիտասարդին որևէ պաշտոնյայի սովորաբար ներկայացնում են հետևյալ կերպ. §Պարոն նախարար, թույլ տվեք Ձեզ ներկայացնել երիտասարդ տնտեսագետ Պետրոսյանին¦ կամ §Հարգելի պրոֆեսոր, կարելի՞ է Ձեզ ներկայացնել 2-րդ կուրսի ուսանող Պողոսյանին¦։
Ընտանիքի անդամներին ներկայացնում են առանց ազգանունը նշելու։ Օրինակ՝ §իմ ամուսինը¦, §իմ քույրը¦, §իմ եդբայրը¦։ Եթե ներկայացնողն ունի մի քանի քույր և եղբայր, պարզության համար կարելի է ավելացնել. §իմ քույրը`Մարինեն, իմ եղբայրը՝ Կարենը¦։
Քրոջը, ամուսնուն և հատկապես ծնողներին չեն ներկայացնում ավելի կրտսերների։ Այս դեպքում առաջնորդվում են հիմնական կանոնի համաձայն, այսինքն՝ կրտսերին ներկայացնում են ավագին։
Տանտիրուհին ընդունելով հյուրերին՝ նրանց ծանոթացնում է միմյանց։ Դա կարող է անել նաև տանտերը։ Եթե այդ պահին տանտերն ու տանտիրուհին ներկա չեն, այդ պարտականությունը ստանձնում է որևէ մերձավոր ազգական կամ բարեկամ։
Մարդաշատ հավաքների, ինչպես նաև պաշտոնական ընդունելությունների ժամանակ հյուրընկալը, իհարկե, ի վիճակի չէ բոլոր ներկաներին ներկայացնելու միմյանց։ Նման դեպքում հյուրերը միմյանց հետ ծանոթանում են ընդհանուր ծանոթների միջոցով կամ ինքնուրույն։
Եթե հյուրերն արդեն նստել են սեղանի շուրջ, և ուշացած հյուր է ներս մտնում, տանտերը պետք է դիմավորի նրան, նստեցնի և ծանոթացնի միայն մոտ նստած հարևանների հետ։
Երբ ձեզ ներկայացնում են որևէ մեկին, հարկավոր է ոտքի կանգնել և նայել դիմացինի աչքերին։ Այս դեպքում կարող են նստած մնալ միայն կանայք, ծերերը և հիվանդները։ Կինը նույնպես, եթե ցանկանում է, կարող է ոտքի կանգնել։
Комментариев нет:
Отправить комментарий