среда, 6 мая 2015 г.

Ընտանիքի դերը և նշանակությունը հատուկ կարիքով երեխաների սոցիալականացման գործընթացում

Կարելի է թվարկել հոգեբանական առանձնահատկությունների մի ամբողջ շարան, որոնք ծագում են նմանատիպ ընտանիքներում երեխայի ծնունդի հետ կապված: Սակայն  առանցքային խնդիրը դա ընտանիքի կողմից հատուկ կարիքով երեխայի ընդունված լինելն է: Իսկ դա որոշիչ դեր է խաղում երեխայի հետագա զարգացման գործընթացներում: Ծնողները, որոնք ընդունում են երեխային այնպիսին, ինչպիսին որ կա և ուրախանում են նրա յուրաքանչյուր առաջխաղացումով, որպես կանոն, հասնում են  շատ մեծ արդյունքների:
Ինչ է նշանակում երեխայի ծնունդ: Երբ մարդը դառնում է ծնող, առաջին հերթին նրան անհրաժեշտ է հարմարվել այն նոր` նախկինում անծանոթ մի կարգավիճակի հետ: Լինելով անպատրաստ այդ նոր իրադրությանը` անմիջապես առաջանում է պատասխանատվության, հոգատարության մի զգացողություն ինչ-որ մի էակի հանդեպինչպես նաև` անհրաժեշտություն` հրաժարվելու որոշակի հաճելի պահանջներից: Փոխվում են նոր ստանձնած դերերը և ամուսինների միջև փոխհարաբերությունները: Այսպիսով երեխայի ծնունդը ծնողների համար մի նոր կարգավիճակ է, որն իր հետ բերում է դժվարությունների մի ամբողջ շարան, սակայն դրանց զուգահեռ  բերում է նաև մեծ երջանկություն և հաճույք:
Աստիճանաբար զարգանում է ծնող-երեխա փոխհարաբերությունները: Երեխայի անօգնական լինելը և ծնողից կախվածությունը, ծնողի մոտ արթնացնում է պաշտպանողի բնազդ և քնքշություն: Սակայն երբեմն պատասխանատվության բեռը նրանց թվում է շատ ծանր: Սկզբնական շրջանում, երբ դեռ ծնողը ամբողջովին չի հարմարվել իր նոր կարգավիճակի հետ, նրա մոտ կարող է առաջանալ մոլորվածության և ճնշվածության զգացողություններ, քանի որ <<փոքրիկ մարդուկը>> շատ ուժ ու ժամանակ է խլում նրանից: 
Հայտնի է, որ կրթական համակարգի առաջին օղակը եղել և մնում է ընտանեկան դաստիարակությունը: Ուստի բարեփոխումների իրականացումն անհրաժետ է սկսել հենց այստեղից: Այսինքն` հարկ է բարձրացնել ընտանեկան դաստիարակության որակը և ծնողների մանկավարժական գիտելիքների մակարդակը: 
Վերջին ժամանակներս ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ոչ միայն այս կամ այն ախտահարումներով տառապող երեխաների, այլ նաև այն ընտանիքի սոցիալական հարմարեցման հիմնախնդիրները, որում նրանք դաստիարակվում են:
Առօրյա կյանքում զարգացման շեղումներով երեխաների ծնողները  բախվում են բազմաթիվ հիմնախնդիրների հետ: Մի կողմից նրանք դժվարություններ են զգում իրենց երեխաների վրա  ներգործության ուսուցողական և դաստիարակչական մեթոդների ընտրության գործում, մյուս կողմից  ներքին բարդ հոգեբանական խնդիրներ են առաջանում` կապված ընտանիքում սահմանափակ կարողություն-ներով երեխայի ծնվելու հետ:    

Ծնողները, որոնք սպասում են ցանկալի երեխայի ծնվելուն և ընտանեկան երջանկության ձևավորմանը, հիմնականում պատրաստ չեն լինում լուրջ դժվարություններին և խնդիրներին, որոնք լույս աշխարհ են գալիս երեխայի ծնունդի հետ միասին: Ծնողներից շատերը  երկար ժամանակ չեն կարողանում հարմարվել «ճակատագրի այդպիսի անարդարության» հետ: Նրանցից շատերը սկզբնական շրջանում դժվարանում են սիրել երեխային, որը չի համապատասխանում իրենց ակնկալիքներին: 

Комментариев нет:

Отправить комментарий