
Օրվա ընթացքում մարդը կարող է բազմաթիվ կարճատև շփումներ ունենալ այլ մարդկանց հետ, սակայն պարտադիր չէ, որ յուրաքանչյուր դեպքում ներկայանա։
Երբ և որտեղ պետք է ներկայանալ
Սովորաբար ներկայանում են ոչ բոլոր իրավիճակներում, այլ այն դեպքում, երբ ներկայանալն անհրաժեշտ է ու հարմար։ Ամենից առաջ ներկայանում են կամ խնդրում են ներկայացնել այն անձին, որի հետ, հանգամանքների բերումով, պետք է շարունակվեն հետագա հանդիպումները։ Նոր աշխատավայր գալով հարկավոր է ներկայանալ կամ ներկայացվել նոր գործընկերներին։ Բազմամարդ հիմնարկներում, իհարկե, անիմաստ է յուրաքանչյուրին ներկայանալը։
Ներկայանալու կանոնները հաշվի չեն առնվում նաև փողոցում։ Հապճեպ և թռուցիկ հանդիպման ժամանակ հարկ չկա ուղեկցին ներկայացնել, բայց, եթե խոսակցությունը երկարում է, ուղեկցին ևս պետք է մասնակից դարձնել զրույցին։ Այս դեպքում հարկավոր է անծանոթներին ծանոթացնել միմյանց։
Ճամփորդելիս (գնացքում, ինքնաթիռում, նավում) պարտադիր չէ միմյանց ներկայանալը. այնտեղ կարող են իրար հետ զրուցել նաև անծանոթները։ Երբ զրույցի ընթացքում հիշատակվում են ընդհանուր ծանոթների անուններ կամ ընդհանուր շահեր են շոշափվում, պետք է ներկայանալ միմյանց։
Մի քանի օրով հյուրանոցում բնակվելու ընթացքում սեղանի շուրջը մարդկանց հանդիպելիս ծանոթանալը պարտադիր չէ, կարելի է սահմանափակվել գլխի թեթևակի խոնարհումով սեղանակիցներին բարևելով։
Հանրակացարանում, առողջարանում, հանգստյան տանը և այլ հասարակական վայրերում, ուր մարդիկ երկար ժամանակ ապրում են համատեղ, միմյանց հետ պետք է ծանոթանալ ընդհանուր ծանոթի միջոցով կամ ինքնուրույն ներկայանալ։
Առանձին մարդուն անպայման ներկայացնում են խմբին, դասախոսին՝ լսարանին, նոր ուսուցչին՝ դասարանին, ժողովում ելույթ ունեցողին՝ ժոլովի մասնակիցներին։ Որպես կանոն՝ դասախոսին ներկայացնում է դասախոսության կազմակերպիչը, նոր ուսուցչին՝ դպրոցի տնօրենը կամ դասղեկը, ժողովում ելույթ ունեցողին՝ ժողովի նախագահողը։
Комментариев нет:
Отправить комментарий